Պեսկովը սխալ տեղեկատվություն է անվանել լուրը, որ ռուսական կողմն Ուկրաինայի հետ չի քննարկի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սխալ տեղեկատվություն է անվանել այն հաղորդագրությունը, որ ռուսական կողմն Ուկրաինայի հետ չի քննարկի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը, հայտնում է РБК-ն։
«Ոչ, դա այդպես չէ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ «Известия»-ն, վկայակոչելով «Ռուսաստանի բարձրաստիճան աղբյուրը», հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունները, եթե վերսկսվեն, չեն քննարկի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը։ Աղբյուրը նշել է, որ այդ շրջանները չեն ներառվի քննարկումների մեջ, քանի որ «տարածաշրջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը աջակցում է Ռուսաստանին»։
Լրատվամիջոցների նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների զգալի մասը վերահսկվում է ռուս զինվորականների կողմից։ Տարածաշրջանի մի շարք քաղաքներում գործում է ռազմական հրամանատարություն, շրջանառության մեջ է դրվել ռուսական ռուբլին։