Պլաստիկ շշի հարվածն այնքան ցավոտ էր ոստիկանի սաղավարտին՝ պիտի լուսաձայնային նռնակ նետեի՞ն. 100%-ով հենց ոստիկաններն են հրահրել սադրանքը․ Էդգար Ղազարյան
Ոստիկանությունն ուժ կիրառելու մեթոդաբանություն ունի։ Վահանները բացում են, դուրս են գալիս մի քանի կարմիրբերետավոր ու հարձակվում առաջին պատահած մարդու վրա։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ եթե մարդուն արդեն բերման են ենթարկում, ապա նրան հարվածելու, բռնություն կիրառելու իմաստը ո՞րն է։ Տվյալ մարդուն պետք է հանգիստ ուղեկցեն ոստիկանություն։
«Ակնհայտ սադրանք են հրահրում, իսկ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Անկեղծ ասած՝ ես էլ եմ նկատել, որ նետել են շշեր, բայց ոստիկաններն էլ են նետել։ Բայց մարդիկ դա վրդովմունքից են անում, ճանապարհը չեն բացում ոստիկանները։ Լավ, մեկ պլաստիկ դատակ շիշ են նետել, մեռա՞ն դրանից։
Պլաստիկ շշի հարվածն այնքան ցավոտ էր ոստիկանի սաղավարտին, որ արդեն պիտի լուսաձայնային նռնակ նետե՞ք մարդկանց ուղղությամբ։ Կամ ասում են՝ քարեր են նետել։ Ախր որտեղի՞ց են քարեր նետել, եթե Կառավարության դիմացից մարդիկ գնացել են ամառանոցի շենքի դիմաց ու նրանց մտադրությունը խաղաղ է եղել։ Մարդիկ ադեն մոտ 40 օր խաղաղ ակցիա են անում։ 100%-ով հենց ոստիկաններն են հրահրել այդ սադրանքը և դա էլ դարձել է պատճառ անհամաչափ և դաժան գործողոթյուններ իրականացնելու համար»,-նշեց Ղազարյանը։