Զախարովան հերքել է այն տվյալները, թե Գերմանիայում ռուսական լրատվամիջոցներն աշխատում են առանց սահմանափակումների
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է տեղեկատվությունը, թե Գերմանիայում ռուսական լրատվամիջոցներն աշխատում են առանց սահմանափակումների։
Դիվանագետի խոսքով՝ Գերմանիայի բնակիչներից մեկն իրեն ուղարկել է իր հեռուստացույցի լուսանկարը, որտեղ գրված է, որ «ալիքը ժամանակավորապես անհասանելի է», և խնդրի պատճառը սարքավորումների մեջ չէ։
«Խնդիրների պատճառը Եվրոպայում ռուսական լրատվամիջոցների արգելափակումն է։ Այս մարդը ցանկացել է դիտել «Россия» հեռուստաալիքը։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան մեկնաբանությանը խոսքի ազատության թեմայի շուրջ», գրել է Զախարովան Telegram-ի ալիքում։
Նախօրեին Մոսկվայում Գերմանիայի դեսպանատնից հայտնել էին, որ մեծ թվով ռուս լրագրողներ այժմ առանց սահմանափակումների աշխատում են Գերմանիայում՝ չնայած հակառակի մասին խոսակցություններին։
Ավելի վաղ գերմանացի լրագրող Ուլրիխ Հայդենը, ով 1992 թվականից աշխատում էր Մոսկվայում Jungen Welt-ում, Ռուսաստանից վերադարձել էր Գերմանիա և խոսել երկրում ռուսաֆոբիայի տարածման մասին։