Հայաստանն ու Ադրբեջանը մտքեր են փոխանակել Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ հաստատելու շուրջ
2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ։ Այդ մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարությանը։
Կողմերը քննարկել և մոտեցրել են իրենց դիրքորոշումները Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության տարածքներով սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Կողմերը կշարունակեն աշխատել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։