Մենք ինչ բանակցում ենք, հրապարակային կոմունիկացնում ենք․ Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Մենք համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն է, որ որոշելու է կարգավիճակը, ուստի շարունակելու ենք աշխատելու այդ ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽՔ-ի խոսքով՝ նշյալները հենց կարևոր ուղղություններ են, որոնց հետ կապված արդյունքներ են ունենալու։
Անդրադառնալով միջանցքի հետ կապված հարցին՝ Գրիգորյանը նշեց․
«Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջազգային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել։ Ի դեպ, սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն էին նաև ժամանակին հայտարարել։ Եվ, եթե չեմ սխալվում, նոյեմբերին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում։ Իհարկե, Ադրբեջանը բանակցությունների չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ մենք ինչ բանակցում ենք, հրապարակային կոմունիկացնում ենք։ Մեր որևէ գործընկերների կողմից հերքում չի եղել, թե մենք ինչ ենք կոմունիկացրել, ավելին, հաստատել են, որ մենք քննարկել ենք այն, ինչ կոմունիկացրել ենք»։