Վրաստանը ցանկանում է հրաժարվե՞լ ադրբեջանական գազից
Վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին տեղեկատվություն է տարածել Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախի Քալաձեի «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման մասին: Ըստ նրա`Վրաստանը ցանկանում է ադրբեջանական գազի 50 տոկոսը փոխարինել ռուսականով:
Ցիսկարիշվիլիի խոսքով` Կախա Քալաձեն Շվեյցարիայում հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավարության հետ: Հանդիպումն անակնկալ է եղել և վրացի պաշտոնյան մեկնել է չարթերային չվերթով: Փորձագետը ենթադրում է, որ իշխանությունը մտադիր է ադրբեջանական գազը փոխարինել ռուսականով: Նրա տեղեկություններով, պետական կառույցը, որը կաշխատի պայմանագրային հիմունքներով, Նավթի եւ գազի միջազգային կորպորացիան է, որը 100 տոկոսով վերահսկում է Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Գործընկերային հիմնադրամը»:
Հիմնադրամի ղեկավար Դավիդ Սագանելիձեն չի մեկնաբանել տվյալ տեղեկությունը: Հանդիպման մանրամասների մասին լռում են նաեւ Էներգետիկայի նախարարությունում: