ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
ԵՄ երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել են էմբարգո սահմանել նավահանգիստներով ռուսական նավթի ներկրման վրա և անջատել ռուսական խոշորագույն բանկը՝ Սբերբանկը, SWIFT համակարգից։ Այս մասին երկուշաբթի ուշ երեկոյան ԵՄ գագաթնաժողովի առաջին հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Բացի այդ, Շառլ Միշելի խոսքերով, Եվրամիությունը կարգելի ռուսաստանյան ևս երեք պետական լրատվամիջոցների գործունեությունը իր տարածքում։
Ծովային, նավահանգիստների միջոցով ներմուծումը կազմում է նավթի և նավթամթերքի երկու երրորդը, որը Ռուսաստանը վաճառում է ԵՄ երկրներին, նշում է BBC-ն։ Մնացած մասն անցնում է նավթամուղով, ներկրման այս տեսակի արգելքին դեմ է եղել դրանից կախված Հունգարիան։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը պատժամիջոցների վեցերորդ փուլի նախաձեռնողն էր, երկուշաբթի երեկոյան ասել է, որ Եվրամիությունը հույս ունի մինչև տարեվերջ հրաժարվել Ռուսաստանից նավթի ներկրման 90%-ից։