Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Թուրքիա և Իրանին սահմանակից երկրներ
Իսրայելի իշխանությունները երկրի քաղաքացիներին հորդորել են զերծ մնալ Թուրքիա, ինչպես նաև Իրանին սահմանակից երկրներ այցելելուց։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը և հղում արել երկրի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակին։
«Հատկապես այն բանից հետո, երբ Իրանն Իսրայելին մեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի մահվան մեջ, Իսրայելի անվտանգության ծառայությունների մոտ ավելացել է մտավախությունը, որ Իրանը կարող է ամբողջ աշխարհում իսրայելական օբյեկտների վրա հարձակվելու փորձեր ձեռնարկել։ Այդ պատճառով ԱԱԽ-ն և անվտանգության ծառայությունները հորդորում են հաշվի առնել Թուրքիա այցերի հետ կապված նախազգուշացումները և վերահաստատում են, որ ներկա ժամանակահատվածում Թուրքիան իսրայելցիների համար բարձր ռիսկ պարունակող երկիր է։
Անվտանգության ծառայությունների տվյալներով՝ Թուրքիայում Իսրայելի քաղաքացիների համար իրական սպառնալիքներ կան։ Վտանգի բարձր մակարդակ կա նաև Իրանին սահմանակից այլ երկրներում, այդ պատճառով Իսրայելի քաղաքացիները պետք է պահպանեն զգոնությունը և այդ երկրներ այցեր կատարելու հարցում անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն»,- նշված է հաղորդագրությունում։