Սուտն էլ մարդավարի պիտի լինի
Վերջերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ սեփական տուն չունի և կոպեկ-կոպեկ հավաքում է ու մի օր տուն կգնի:
Ըստ էթիկայի հանձաժողովի 2014թ-ի նախարարի հայտարարագրի, Հրանուշ Հակոբյանը ունի 27,490,537.00 դրամ, 21,827.00 եվրո, 26,881.00 դոլար:
2014թ-ին մեկ տարվա ընթացքում իր աշխատանքից և տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցման արդյունքում ընդհանուր առմամբ, ստացել է 9,504,806.00 դրամ եկամուտ:
Արդեն ըստ 2015թ-ի հայտարարագրի, Հ. Հակոբյանը նշել է 31,042,827.00 դրամ, 21,827.00 եվրո, 26,881.00 դոլար, մեկ տարվա ընթացքում նախարարի աշխատանքային եկամուտները կազմել են 10,442,460.00 դրամ:
Այսքանը բավարար է, որ Հ. Հակոբյանը մեկի փոխարեն մի քանի տուն գնի, այդ 100 000 դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացիներն են, որ կոպեկ-կոպեկ հավաքում են` գոնե 20 տարում տուն գնելու նպատակով, այն էլ կլինի, կամ էլ չի լինի:
Կարող ենք հավելել, որ նախարարի սիրտը կամ պալատ է ցանկանում, կամ տուն Լազուրե ծովափին, ինչպես շատ հարգարժան ՀՀ շարքային օլիգարխներինը:
Ավելի մանրամասնորեն նայելով նախարարի հայտարարագիրը, այնտեղ նա տվյալներ չի ներկայացրել թանկարժեք գույքի, շարժական գույքի վերաբերյալ, անգամ տվյալներ չկան փոխկապակցված անձանց վերաբերյալ. և սա եղավ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարագի՞ր: Գուցե նախարարը փողոցո՞ւմ է քնում, կամ մինուճար է ողջ աշխարհում և նրա տունը սփյուռքի նախարարությունն է: Այս դեպքում նախարարի պաշտոնը Հրանուշ Հակոբյանին հանձնելն արդարացված է, մարդը գոնե տուն կունենա: