Երևանում 31-ամյա պարեկը ծառայության մեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունը (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնակման տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ էլեկտրասյունը, որի վրա եղել են 6000 վոլտ էլեկտրալարեր, տապալվել է և փակել ճանապարհը։
Ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մաշտոցի մասնաճյուղի ծառայողները, ովքեր անհրաժեշտ գործողություններ են կատարել, որպեսզի տապալված սյունը փոխեն նորով և էլեկտրամատակարարումը վերականգնվի։ Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։