Չավուշօղլուն խոսել է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների մասին
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանը ցույց տվեց, որ ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում։ Նա Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր։ Այնուհետեւ բարձրացվեց սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Բրյուսելի հանդիպումներում այս հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ստեղծվեց համատեղ հանձնաժողով, և երկրների ղեկավարները խնդրեցին արտգործնախարարներին լայնածավալ բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պատասխանելով ԱՄՆ-ում լրագրողների հարցին։
Նրա խոսքով, Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի քայլերն այս հարցում։
«Մենք նույնպես ուրախ ենք և գոհ։ Բացի այդ, Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Կոչ ենք անում Հայաստանին դրական արձագանքել այս քայլերին։ Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանում իշխանությունները ճնշումների են ենթարկվում ներսում արմատականների, իսկ դրսում՝ սփյուռքի կողմից։ Մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում, որ տարածաշրջանը բարի կամք է դրսևորում կայունության նկատմամբ»,- ասաց նա։