Մխիթարի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, դեռ ապօրինաբար ձերբակալված է․ նա ՌԴ-ից է եկել Հայաստան՝ ընտանիքի կողքին լինելու համար․ Վարդևանյան
Երեկ մենք մի խումբ պատգամավորներով՝ համաձայնեցված «Դիմադրություն» շարժման հետ, որոշել էինք լինել զոհված զինծառայողների կողքին։ Եվ երեկ, մոտ 6 ժամ լինելով Քննչական կոմիտեի զինվորական քննչկան գլխավոր վարչության շենքի մոտ, ականատես եղանք մի մեծ խայտառակության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ հանրային ճշման ներքո՝ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ արձակվեց, սակայն հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, մինչ այս պահն ապօրինաբար ձերբակալված է։
«Արթուր Գալեյանը 4 երեխայի հայրն է, բնակվում է Ռուսաստանում, սակայն այս իրադարձությունների համար եկել է Հայաստան՝ իր ընտանիքի կողքին կանգնելու։ Գալեյաններն էլ են ասում, որ հայր, հորեղբայր նշանակություն չունի, քանի որ իրենք հերոսի ծնող են։Եվ պատկերացրեք, որ հիմա այդ մարդուն ձերբակալված են պահում և մի հատ էլ մտածում են կալանքի միջնորդության մասին։ Ինչի՞ համար։ Ազնվորեն, ես Քննչականում մի բան ասացի, որ դուք սրանով լարվածություն եք առաջացնում, լարվածություն, որը ոչ մի իշխանության ձեռնտու չէ։ Այսինքն՝ մենք ընդդիմադիր դիրքերից նման բան ենք ասում»,- ասաց Վարդևանյանը։