Մեքսիկայում ձերբակալվել է ամենահայտնի նարկոբարոններից մեկը
«Առաքելությունն իրագործվեց, ուզում եմ մեքսիկացիներին հայտնել, որ Խոակին Գուսման Լոերան ձերբակալվել է։ Սա կարեւոր հաջողություն է Մեքսիկայի արդարադատության համակարգի համար»,- այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն` Սինալոա թմրակարտելի պարագլուխ, Էլ Չապո մականունով հայտնի Խոակին Գուսմանի կրկնակի ձերբակալությունից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայտնի թմրավաճառը փախել էր բանտից: Գուսմանը ամենահարուստ թմրաբարոնն է, առաջին անգամ ձերբակալվել էր 1993թ., սակայն ութ տարի անց կարողացել էր փախչել, նրան գտել էին միայն 2014թ.։ Այս անգամ Մեքսիկայի իշխանությունները խոստացել են Գուսմանին արտահանձնել Միացյալ նահանգներ, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Մեքսիկայի գլխավոր դատախազությունը հուլիսին հաստատել էր համապատասխան հարցումը։
Իրավապահների տվյալներով, այս անգամ Էլ Չապոյին բռնել են Սինալոա նահանգի Լոս Մոչիս քաղաքում, փոխհրաձգությունից հետո։ Ձերբակալության ժամանակ հինգ մարդ սպանվել է, մեկ ծովային հետեւակային վիրավորվել է։ Ռազմածովային ուժերը առանձնատունը գրոհել են վաղ առավոտյան, սակայն հանդիպել էին թմրավաճառների դիմադրությանը։ Հինգ թմրավաճառ սպանվել է, եւս վեցին ձերբակալել են Էլ Չապոյի հետ։ Տանը հայտնաբերվել է երկու զրահապատ մեքենա, մեծ քանակությամբ հրազեն եւ նռնականետ։