Դատախազությունը շանս ունի ցույց տալու, որ ինքը համաձայն չէ անօրինական գործողությունների հետ․ փաստաբանը՝ Գալեյանի ձերբակալման մասին
Գարիկ Գալեյանին առաջադրված մեղադրանքն իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի գործով զբաղվող փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մեղադրանք է առաջադրվել անձին համազգեստը քաշքշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար։
«Մենք հիմա քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստն ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ կամ անձն ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ և կոնկրետ մարմնի որ հատվածներում է այդ ֆիզիկական ցավը ստացել։ Դեռևս որևէ պարզաբանում չենք ստացել, քննչական գործողութունները դադարեցվեցին, քանի որ ինչպես արդեն տեղեկացրեցի՝ Գալեյանը տեղափոխվում է հիվանդանոց»,- նշեց Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս պահին ենթադրվում է, որ կալանավորման միջնորդություն պետք է ներկայացվի դատարան։
«Այս պահին ես դիմում եմ ՀՀ դատախազությանը, քանի որ Դատախազությունը հիմա ունի շանս ցույց տալու իր վճռականությունը և ցույց տալու, որ ինքը համաձայն չէ անօրինական գործողությունների հետ։ Եվ այդպիսով հետ վերցվի կալանավորման միջնորդությունը, եթե այդպիսին ներկայացվել է կամ ներկայացվելու է»,- նշեց Հովհաննիսյանը։