ԱՄՆ-ը չի հավատում, որ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինկենի զրույցն այս փուլում կառուցողական կլինի
ԱՄՆ-ը չի հավատում, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի զրույցն այս փուլում կառուցողական կլինի։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցում, որը հեռարձակվում է YouTube-ով։
«Ռուսաստանի Դաշնությունը մեզ ոչ մի հիմք չի տալիս ենթադրելու, որ երկխոսությունը ներկա իրավիճակում կառուցողական կլինի»,- ասել է Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պետդեպարտամենտի ղեկավարը բանակցություններ է ծրագրում իր ռուս գործընկերոջ հետ։ Անցած շաբաթ ուղիղ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև երկխոսությունը կարող է տեղի ունենալ, եթե Վաշինգտոնը գա այն եզրակացության, որ դա կթեթևացնի իրավիճակը Ուկրաինայում։ Եթե ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, և մենք նաև գանք այն եզրակացության, որ նրանց միջև զրույցը կօգնի նվազեցնել բռնության մակարդակը կամ մեղմել ուկրաինացի ժողովրդի հումանիտար իրավիճակը, ապա երկխոսությունը տեղի կունենա»,- հավելել է Նեդ Փրայսը։