«Պարո՛ն Դավթյան, զարթնե՛ք»․ զոհվածների հարազատները համոզված են՝ գործն ուզում են քնեցնել
«ՑՈՐ» զորամասի զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը։ Նրանք պահանջում են լուրջ վերաբերվել իրենց ներկայացրած հայցին։
Ծնողները վստահեցնում են, որ դատարանը վստահություն չի ներշնչում։
«Բառախաղ, մանիպուլյացիա, ձգձգում, արհամարհանք և, այո՛, մենք ոչ մի լրջություն չենք տեսնում ո՛չ դատախազության կողմից, ո՛չ դատարանի»,- լրագրողների հետ զրուցյում ասաց զոհված հերոսներից մեկի մայրը։
Ծնողները վստահ են, որ գլխավոր դատախազությունը լրիվ անգործություն է դրսևորում։ Որպես իրենց խոսքերի ապացույց՝ զոհվածների հարազատները վկայակոչում են դատախազի կողմից սահմանված այն ժամկետները, որոնց սահմանում նա խոստացել էր լուծում տալ հարցին։
«Բավականին լուրջ գործեր կան ընդդեմ հրամանատարական կազմի, և տպավարությունն այնպիսին է, որ դատախազությունն ուզում է քնեցնել գործը»,- ասաց մեկ այլ ծնող։
Զոհվածների հարազատները հերթական անգամ դատախազ Արթուր Դավթյանին կոչ արեցին շարժվել տեղից։
«Նորից կոչ են ենք անում դատախազությանը՝ պարո՛ն Դավթյան, զարթնե՛ք»,- ասացին նրանք։