Ոստիկանների կողմից օրենքի սահմանազանցումներն ունեն պետական աջակցություն. փաստաբան
Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում մասնագիտական քննարկում՝ նվիրված մարդու իրավունքների խախտումներին: Անդրադառնալով ոստիկանների բիրտ գործողություններին` Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նկատեց, որ դրանք բոլորին են տեսանելի։
Ասլանյանի խոսքով, ոստիկանության որոշ գործողություններ ոչ միայն
օրենսդրության շրջանակում չեն տեղավորվում, այլև ոստիկանների կողմից օրենքի սահմանազանցումներն ունեն պետական աջակցություն։
«Ասեմ՝ ինչու է նման հիմնավոր տպավորություն ձևավորվում։ Քաղաքական ընդդիմության գործողությունների արդյունքում կան բազմաթիվ ձերբակալված, կալանավորված անձինք։ Անմեղության կանխավարկածից ելնելով, ես իրավունք չունեմ որևէ մեկի մեղավորությունը կասկածի տակ դնել, բայց հաշվի առնելով այդպիսի համատարած ձերբակալություններն ու մեղադրանքները, դրանք պետք է համեմատել ոստիկանության գործողությունների ու դրանց արձագանքի հետ»,-ասաց նա։
Րաֆֆի Ասլանյանը նկատել է` որևէ ոստիկան որևէ պատասխանատվության չի ենթարկվում։
«Մինչդեռ ուսումնասիրելով տեսանյութերը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկանության աշխատակիցների գործողություններն ակհնայտորեն պարունակում են հանցակազմի հատկանիշներ։ Առնվազն գոնե քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր ու առիթ կա։ Մինչդեռ պետական ապարատը, իրավապահ մարմիններն այս առումով ոչինչ չեն անում։
Սա է ձևավորում ողջամիտ ու հիմնավոր կասկած, որ ոստիկանությունն ունի պետական աջակցություն և նման գործողությունների է դիմում իրեն տրված հանձնարարության արդյունքում։ Իսկ հանձնարարողները բնականաբար նրանց պատասխանատվության չեն ենթարկի։ Սա իմ առաջնային ու նախնական տպավարությունն է։ Իսկ նման պայմաններում ժողովրդավարության մասին խոսելը, ես կարծում եմ, առնվազն ավելորդ է»,-ասաց փաստաբանը։