Ակնհայտ սադրանք է, երբ զրուցակիցներից մեկը դիտավորությամբ դրդում է մյուսին արտաբերել բառեր, որոնք հիմք կարող են տալ նրան հետապնդելու. Վարոսյանը` Չալաբյանի գործի մասին
Եթե անգամ, քննչական մարմինն ուզում է տեսնել այն ինչ ուզում է, միևնույն է այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ` ստորև.
«Ավետիք Չալաբյանի գործի մասով մեկ իրավական դիտարկում։
Դեռ մի կողմ թողնենք, որ մասնակի հրապարակված ձայնագրությունն անգամ մեղադրանքի հիմքում դնելու ուղղակի փաստական հանգամանքներ չի պարունակում։ Սակայն, եթե անգամ, քննչական մարմինն ուզում է տեսնել այն ինչ ուզում է, միևնույն է այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այն ակնհայտ սադրանքի արդյունք է, երբ զրուցակիցներից մեկը հատուկ դիտավորությամբ սադրում, դրդում է մյուսին արտաբերել բառեր, որոնք հիմք կարող են տալ նրան հետապնդելու։
«Սադրիչ-գործակալների», նրանց միջոցով ձեռք բերված ապացույցների ու նման ապացույցների հիման վրա անձանց մեղադրելու անթույլատրելիության մասին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները կարող են հանգամանալից ծանոթանալ օրինակ Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի 74420/01, Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի 18757/06, Աքբայը և այլք ընդդեմ Գերմանիայի 40495/15, ինչպես նաև Պապյանն ընդդեմ Հայաստանի 53166/10 գործերով եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներն ուսումնասիրելով»: