Զելենսկի. Ռուսաստանի հետ խոսելու ցանկությունը գնալով պակասում է
«Ուկրաինացի ժողովրդի համար Ռուսաստանի հետ պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ մենք վերցնենք այն ամենը, ինչ մերն է։ Ուկրաինան ձգտում է խաղաղությունը վերադարձնել իր հողին, և մեզ հավելյալ ոչինչ պետք չէ»։ Նման հայտարարություն է արել նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական առաջատար բուհերի ուսանողների առջև առցանց ելույթի ժամանակ, փոխանցում է UNIAN-ը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ երկիրը պայքարում է կյանքի իր իրավունքի համար և միաժամանակ կորցնում է լավագույն ուկրաինացիներին։ Նա բացատրել է, որ արդյունավետ բանակցություններ Ռուսաստանի հետ հնարավոր են միայն այն դեպքում, երբ նա գիտակցի իր որոշումների աղետալի բնույթը և պատրաստ լինի արդար պատիժ կրել իր հանցագործությունների համար։