Կանխարգելիչ և բուժական աշխատանքները զորամասերում շարունակվում են
Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Այս մասին newspress.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։
Բացի այդ, նախարարը շարունակում է այցելել տարբեր բժշկական կազմակերպություններ` ծանր հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու և վերահսկելու նպատակով: Հիվանդների բուժման ընթացքը տեղում քննարկելու արդյունքում` մշակվում են կանխարգելիչ և կազմակերպական լայնածավալ աշխատանքներ:
Նշենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես կանխարգելիչ գործողություն երեկ ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով: