Նիկոլ Փաշինյանն ու չորրորդ նախագահն անձամբ են խրախուսել նահանջը. Սեյրան Օհանյան
Ինչ վերաբերում է բանակցությունների տապալմանը, ապա ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ մյուս նախագահների օրոք չի տապալվել։ Տարբեր փաստաթղթերում տարբեր ատյաններում, բոլոր քայլերն ուղղված են եղել Արցախի ինքնորոշումն առաջ տանելուն։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունների կողմից իրավիճակի ոչ սթափ գնահատումը հանգեցրել է պատերազմի։ Պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որպեսզի համախմբեն հայ ժողովրդին հաղթանակներ կերտելու համար։
«Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, չորրորդ նախագահն անձամբ՝ իրենց ձեռքով, ոչ սթափ գնահատմամբ։ Չտիրապետելով իրավիճակին՝ տվել են տարբեր կոչումներ, տարբեր հերոսական, գեներալական կոչումներ։ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասում՝ ինչ ներկայացրել են, ես ներկայացրել եմ նախագահին։ Ինչի դու գնահատելու հնարավորություն չո՞ւնես։ Մի հատ ասա, թե ինչու ենք մենք այդ մարդուն տալիս հերոսի կոչում։ Դա նշանակում է, որ դու չգիտես, թե ինչ է նշանակում կառավարման համարկարգ, և թե ինչ է նշանակում մարդկային ռեսուրսների կառավարում»,- ասաց Օհանյանը։