Արգիշտի Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք, այնուամենայնիվ նշում ենք եռատոնը, որովհետև պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, դրանք մեր համար տոներ են, այդ թվում նաև Շուշիի ազատագրումը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանությունների և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք որակելու հարցին, խնդրելով հարցեր հղել Քննչական կոմիտեի իրավասությունների մեջ մտնող թեմաներից։
«Քաղաքական ղեկավարությունը ձեր հարցերին հստակ պատասխանել է, և ես պետք է խնդրեմ, որ մանիպուլյատիվ հարցադրումներ կապված մեր հայրենիքի, մեր Արցախի հետ, խնդրում և առաջարկում եմ չհնչեցնել»,- նշեց Քյարամյանը։
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմում որպես մեղադրյալ ներգրավելու հարցին Քյարամյանը նշեց․ «Կարճ ժամանակ առաջ Դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ։ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծանոթանում են գործին։ Պետք է ծանոթանանք և այս այդմ գործի քննությունը կընթանա։ Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել։ Դեռևս ծանոթանալու փուլում ենք»։