ԱՄՆ-ում հայտարարել են վերջին 10 տարվա ընթացքում տնտեսության վատթարագույն վիճակի մասին
ԱՄՆ-ի տնտեսությունը վերջին 10 տարվա ընթացքում վատթարագույն վիճակում է, ասվում է SSRS-ի կողմից CNN-ի պատվերով անցկացված հարցման մեջ։
Հետազոտության համաձայն՝ ամերիկացիների միայն 23%-ն է դրականորեն վերաբերվում երկրի տնտեսությանը։ Վերջին անգամ երկրի տնտեսության վերաբերյալ հասարակական նման բացասական գնահատական նկատվել է 2012 թվականի հունվարին, երբ հարցված քաղաքացիների միայն 18%-ն է գոհունակություն հայտնել ստեղծված իրավիճակից։ Անցյալ տարվա դեկտեմբերին երկրի տնտեսական պայմանները դրական է գնահատել հարցվածների 37%-ը։
Քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը վնաս է հասցնում երկրի տնտեսությանը, տասը հարցվածներից ութը կարծում է, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում գնաճի դեմ պայքարելու համար։
Հարցումն անցկացվել է ապրիլի 28-ից մայիսի 1-ը, որին մասնակցել է 1007 ամերիկացի։