Ըստ Շառլ Միշելի՝ Մոլդովայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացը բարդ է
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն այցով գտնվում է Մոլդովայում, ասել է՝ Մոլդովայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացը «բարդ է», հաղորդում է Newsmaker-ը։
Հարցին, թե արդյոք Մոլդովան կարող է հույս ունենալ հունիսին թեկնածուի կարգավիճակ ստանալ, Եվրոպական խորհրդի նախագահը պատասխանել է, որ դա բարդ գործընթաց է։
Շառլ Միշելին հարցրել են նաև՝ արդյոք Մոլդովան կարող է արագացված հիմունքներով ստանալ այդ կարգավիճակը՝ հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական իրողությունը։ «Կախված է հանգամանքներից։ Կարեւոր է նաեւ, որ ԵՄ-ն հստակ տեսլական ունենա ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ: Սա շատ բարդ քննարկում է՝ տարբեր պատճառներով։ Տեսնում եք, որ ԵՄ-ն բարդ կառույց է, այստեղ գործում է վետոյի իրավունքը։ Կարեւոր է, որ մենք հստակեցնենք, թե ինչ ենք ուզում ապագայում։ Ակնհայտ է, որ ԵՄ-ի ընդլայնումը քաղաքական գործիք է Եվրոպայի ապագայի մեր տեսլականը ճշգրտելու համար: Վստահ եմ, որ առաջիկա երկու ամսում մենք կկարողանանք ազդարարել ԵՄ-ի ընդլայնման ապագան»,-ասել է Շառլ Միշելը։
Իր հերթին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նշել է, որ Մոլդովայի իշխանությունները շուտով ԵՄ-ին կհանձնեն հարցաթերթիկի երկրորդ մասը, որը կորոշի Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու պատրաստակամության աստիճանը։