Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կառավարությունները դեռեւս չեն որոշել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ղեկավարները նշել են՝ իրենց կառավարությունները դեռեւս չեն որոշել անդամակցել արդյոք ՆԱՏՕ-ին, սակայն ընդգծել են անվտանգության ոլորտում սերտ համագործակցությունը եվրոպական այլ երկրների հետ՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում, հայտնում է AP-ն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Բեռլինում հանդիպումից հետո Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ «Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա ամբողջությամբ փոխել է անվտանգային իրավիճակը» եւ «հետդարձ ճանապարհ չկա»: «Մենք պետք է որոշենք՝ ներկայացնե՞նք արդյոք հայտ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, թե՞ շարունակենք մեր ներկայիս ուղին»,- ասել է նա։ «Սա այն քննարկումն է, որը մենք հիմա անում ենք մեր ազգային խորհրդարանում»։
Նրա շվեդ գործընկեր Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ երկրի խորհրդարանը անվտանգության ստուգում է անցկացնում, որը կներկայացվի մայիսի 13-ին։
Մայիսի 14-15-ը Բեռլինում նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։