Վիլեն Գաբրիելյանը` նավակ Ճոճողը, ոստիկանությանը կոչ է արել ըմբռնումով մոտենալ, չտվել սադրանքների կամ չդիմել բռնության
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, այս կապակցությամբ դիմելով ՀՀ քաղաքացիներին, կոչ է արել ըմբռնումով մոտենալ, չտվել սադրանքների կամ չդիմել բռնության:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Բարև Ձեզ, հարգելի հայրենակիցներ, եկել եմ ասեմ, որ քանի որ, այսպես կոչված, ընդդիմության առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, ինչը, անշուշտ, իրենց սահմանադրական իրավունքն է, որը նաև իրականացվելու է ճանապարհներ փակելու միջոցով:
Ինչը, ըստ էության, սահմանափակելու է ձեր որոշ իրավունքները, խոչընդոտելու է ձեր տեղաշարժը, որոշակի անհարմարություններ և տհաճություն է պատճառելու:
Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ, այնուամենայնիվ, ըմբռնումով մոտենալ, չմտնել վեճերի և լեզվակռիվների մեջ, չտրվել սադրանքների, որևէ դեպքում չփորձել բռնության որևէ դրսևորում ցուցաբերել, կամ որև է բռնությանը բռնությամբ արձագանքել: Բռնությունը Հայաստանում մերժված երևույթ է, ինչպեսև մնացած արատավոր երևույթները և սուբյեկտները:
Եղե՛ք զգոն, հանգիստ, հանդարտ, սառնասիրտ, հավասարակշիռ:
Հ.Գ. Ոստիկանությանը խնդրում եմ, այն պարագայում, երբ տեսնում եք, որ ճանապարհ է փակվում, ոչ թե անհնազանդություն իրականացնողներին հեռացնելով ավելորդ լարվածություն ստեղծեք, այլ ուղղակի երկկողմանի փակեք այդ ճանապարհի սկիզբն ու վերջը և զուտ կարգավորեք երթևեկությունը:
Բոլորիս արդյունավետ աշխատանքային շաբաթ:
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքով՝ նավակ Ճոճողը»: