Ֆինլանդիան եւ Շվեդիան, եթե խնդրեն անդամակցել դաշինքին, կկարողանան արագ մտնել ՆԱՏՕ-ի կազմ. Սթոլթենբերգ
Ֆինլանդիան եւ Շվեդիան կկարողանան արագ մտնել ՆԱՏՕ-ի կազմ, եթե որոշեն խնդրել անդամակցել արեւմտյան ռազմական դաշինքին, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է ABC News-ը։
«Եթե նրանք որոշեն հայտ ներկայացնել, Ֆինլանդիան եւ Շվեդիան ջերմորեն կընդունվեն, եւ ես ակնկալում եմ, որ գործընթացը արագ կլինի»,- հինգշաբթի Բրյուսելում լրագրողներին ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ծրագրում է նույն օրը ավելի ուշ խոսել Ֆինլանդիայի նախագահի հետ:
Նա վստահություն է հայտնել, որ կարող են մեխանիզմներ գտնվել՝ սկանդինավյան երկու երկրների կողմից հայտերի ներկայացման եւ ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամների խորհրդարաններում պաշտոնական վավերացման միջեւ ընկած ժամանակահատվածի համար։
«Վստահ եմ, որ կան ուղիներ այս միջանկյալ ժամանակաշրջանը հաղթահարելու այնպիսի ձեւով, որը բավարար լավ եւ հարմար կլինի թե Ֆինլանդիայի, թե Շվեդիայի համար»,- ասել է Սթոլթենբերգը: