Աշխատավայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվեց
Մայիսի 1-ից կհանվի պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ:
«Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,-ասաց նա։
Հանվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը։
«Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է»,-ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ: