Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել․ պաշտպան. Hetq.am
Երեկ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալված ոստիկանը դեռևս չի հարցաքննվել: Այսօր պատրաստվում է ցուցմունք տալ: Այս մասին Hetq.am հետ զրույցում ասաց ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Վերջինս վստահեցնում է, որ իրենք աջակցելու են գործի քննությանը, ինչ եղել է՝ հայտնելու են, ձերբակալման դեմ բողոք չեն ներկայացրել և չեն պատրաստվում ներկայացնել:
«Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել: Դա պետք է տեղի չունենար: Մենք ցավակցում ենք հարազատներին: Որևէ մեկը չէր ցանկանա մահվան ելքով վրաերթ կատարել: Դա անզգուշությամբ է տեղի ունենում»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Բալոյանն այս պահին իր պաշտպանյալին վերագրվող կասկածանքի առնչությամբ շատ մանրամասներ չի հայտնում, բայց պնդում է, որ ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակներում:
«Այսինքն՝ երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է տեսուչը, այդ դեպքում լուսացույցի աշխատանքը դադարում է. տեսուչն ինչպես կարգավորում է, այնպես էլ պետք է լինի երթևեկությունը: Ուղեկցման ընթացքում խաչմերուկներում տեսուչներ են եղել: Կրկնում եմ՝ երբ տեսուչն է ժեստերով և ազդանշաններով կարգավորում երթևեկությունն, այդ պահին լուսացույցով աշխատանքը չի գործում: Այսինքն՝ երթևեկության բոլոր մասնակիցները՝ ավտոմեքենաների վարորդները և հետիոտնները, պետք է ղեկավարվեն երթևեկությունը կարգավորող տեսուչի ժեստերով և ազդանշաններով»,- ասաց Բալոյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել նաև դեպքի վայրը լքելու առթիվ, Բալոյանը պատասխանեց, որ ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտի, բայց ասում է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն: