Արթուր Դավթյանն իջավ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատների մոտ, անդրադարձավ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը
44-օրյա պատերազմում զոհված ծնողներն այս պահին ՀՀ դատախազության շենքի դիմաց են։ Կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Րոպեներ առաջ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս եկավ շենքից և մոտեցավ զոհվածների հարազատներին։ Նշենք, որ վերջինս այնպես է շրջապատված է մեծ թվով ոստիկաններով, որ անգամ լրագրողները չեն կարողանում մոտենալ նրան։
«Մենք հազարավոր հերոս տղաներ ենք կորցրել այս պատերազմում, տասնյակ հազարավորներն էլ ոչ պակաս հայրենասիրական մղումներով կանգնած են եղել առաջնագծում, և ունեցել ենք պատերազմի էսպիսի ելք։ Ես հասկացել եմ ձեր ցավը, հասկացել եմ ձեր վիշտը, հասկանում եմ ամեն օր և դրա համար իջել եմ այստեղ։ Եթե խոսքը վերաբերում է օրեր առաջ ծնողների ներկայացրած հաղորդմանը, ես վստահեցնում եմ, որ դատախազության միջնորդության ոչ մի միջոց չի ուշացել և այս պահին էլ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։ Մի փոքր պարզաբանեմ։ Խնդիրն առաջացավ այն պահին, երբ վարչապետն Ազգային ժողովում մի ձևակերպում արեց, ասելով, որ կարող էինք պատերազմը կանգնեցնել, այսինքն, որպեսզի զոհեր չլինեին և ունենայինք նույն ելքը։ Եվ այդտեղից շատերի մոտ առաջացավ այն հարցադրումը, որ այս ձևակերպումը բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի։ Ես հիմա հակառակն ասեմ։ Եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր, ապա նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի, որ առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հանրապետությունից տարածքներ զիջվեցին։ Ինչի՞ եմ այս համեմատությունը բերում։ Նրա համար, որ հիմա ասեմ․ շատ կարևոր են հանգամանքները։ Թե ինչպիսի իրավիճակ է եղել, ինչպիսի օպերատիվ իրավիճակ է եղել, ինչպիսի իրադրություն է եղել։ Պաշտպանությունը կազմակերպվել է այդ պահին եղած հիմքերով»,- ասաց Դավթյանը։