Ես այս հավաքին մասնակցում եմ նրա համար, որ ասեմ՝ մեր տղերքը հանուն ոչնչի չեն զոհվել․ ես զարմանում եմ այն ծնողների վրա, որոնք այս իշխանությունների կողքին են․ զոհվածի կին
Տիկին Արուսը 44-օրյա պատերազմում զոհված պահեստազորի սպայի, կապիտանի կին է։ Պատերազմի սկսելուն պես, ամուսինը կամավորագրվել է։
«Ո՛չ զրհաբաճկոն են ունեցել, ո՛չ սաղավարտներ, ոչ մի բան։ Բոլոր ժամանակներում էլ եղել են պատերազմներ, բայց եղել են ղեկավարներ, որոնք տղաների մեջքներին են եղել, տղաներն իրենց ապահով են զգացել։ Զորքն անտերության է մատնված եղել։ Եղել է մտածված սպանություն։ Սա պատերազմ չի եղել, սա եղել է մտածված սպանություն։ Վերջերս էլ ականատես եղանք Փաշինյանի հայտարարությանը։ Ուղղակի ես զարմանում եմ էն ծնողների վրա, որոնք կանգնած են այսօրվա իշխանությունների կողքին։ Ապշած եմ։ Ու այդ հայտարարությունը լսելուց հետո, իրենց մոտ ոչ մի կարծիք չի փոխվում։ Նիկոլն իր բերնով ասաց, որ ես եմ սպանել ձեր երեխեքին, կարար ամեն ինչ լիներ առանց զոհերի։ Ձեր տրամաբանությունը որտե՞ղ է, ծնողներ»,- ասաց տիկին Արուսը։
Կինը նշեց, որ ամուսինը մարտի դաշտ է մեկնել հոկտեմբերի 4-ին և մի քանի օր անց՝ հոկտեմբերի 8-ին, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։
«Ամուսինս զինվորական էր և, բնականաբար, ոչինչ չէր ասել։ Ինքը չէր գնացել նկարվելու կամ գովազդվելու համար։ Ինքը մտածված գնացել է զինվորի կողքին կանգնելու համար»,- նշեց տիկին Արուսը և հավելեց․ «Ես այս հավաքին մասնակցում եմ նրա համար, որ ասեմ՝ մեր տղերքը հանուն ոչնչի չեն զոհվել։ Թույլ չենք տալու, որ իրենց թափած արյան հողը ծածուկ տան սրան-նրան։ Արցախը մերն է ու վերջ։ Անկախ նրանից, թե ով է արցախցի, ով՝ ոչ։ Մենք բոլորս հայ ենք։ Ես իմ հայրենիքն եմ սիրում, ես չեմ կանգնել ոչ մեկի կողքին, ես կանգնել եմ իմ հայրենիքի կողքին։ Ես հայ եմ ու թույլ չեմ տալու, որ իմ հայրենիքը կործանվի»։