Կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել ՌԴ-ում. Փաշինյան
Մոսկվայում հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը, ինչն արտահայտված է կողմերի համատեղ հայտարարության մեջ: Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։
«Բնականաբար, առանձնակի ուշադրության արժանացրինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը: Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ-ի և ՌԴ-ի մոտեցումների նույնականությունը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծոլեվ, որ տվյալ հարցում կարող ենք արձանագրել մեր բոլոր միջազգային գործընկերների ընդհանրությունը։
«Այս ֆոնին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով»,- ասաց Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ այդ հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը, ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել։