Լինելու են մեծամասշտաբ բողոքի գործողություններ․ Գեղամ Նազարյան
Իշխանությունը վախենում է, քանի որ առաջնորդվում է բացառապես վախերով։ Դրա համար էլ մեր երկիրը ծանրագույն իրավիճակում է, դրա համար էլ դարձել է ադրբեջանաթուրքական քմահաճույքների սպասարկման գործիք։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պետարազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։
«Ուղղակի մեկ անգամ ևս փաստենք, որ այս իշխանությունները վախկոտ են և գործում են բացառապես վախից ելնելով։ Այսինքն՝ իրենց չակերտավոր խաղաղությունը տանում է դեպի կործանման»,- ասաց պատգամավորը։
Նազարյանը նշեց, որ առաջիկայում կլինեն գործողություններ, սակայն, միևնույն ժամանակ չնշեց, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։
«Լինելու են շատ մեծամասշտաբ բողոքի գործողություններ՝ սկսած ապրիլի 23-ից, երբ կլինի Ջահերով երթը։ Դրանից կմեկնարկի բողոքի շարքը»,- ասաց Գեղամ Նազարյանը։