Մենք կորցնում ենք հայոց հողերը, հերիք է ողբանք կորցրածի համար․ Տեր Շահե քահանան տեսակցել է հացադուլ հայտարարած երիտասարդներին
Ես կուզեի, որ իմ եղբայրներն առողջ մնան։ Նրանք մաքուր անձնավորություններ են։ Մենք գիտենք նաև պահքի հրաշքը և այդ մեծ զորությունը, որ Աստված տվել է մեզ, ընդամենը փոքրիկ քաղաքական նպատակի ծառայեցնելը ճիշտ չէ: Դրա համար ուզում եմ իրենց հետ լինել, ընկերակից և ավելի ճիշտ մեթոդներով աշխատել: Իմ խնդրանքը սա է եղել: Այս մասին Ազատության հրապարակում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ խոսելով հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանի և Արթուր Ավագյանի մասին։
Հարցին, թե արդյոք ինքը պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Տեր Շահե քահանա Հայրապետյանն ասաց․
«Մենք ինչի՞ համար ենք այսօր այստեղ։ Արժեհամակարգերի մասին ենք խոսում։ Մենք կորցնում ենք հայոց հողերը: Պետք է ուժեղանալ և առաջ գնալ։ Հերիք է ողբանք կորցրածի համար։ Մենք այստեղ ենք, միասին ենք, որ կարողանանք տեղ հասնել, հիմա ինչ մեթոդով՝ Աստված կթելադրի»։