Ինչպե՞ս կարող ես բանակցել կոկորդիլոսի հետ, երբ ոտքդ նրա բերանում է. Ջոնսոնը՝ Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցելու մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հրադադարի վերաբերյալ ցանկացած խաղաղ բանակցություն, ամենայն հավանականությամբ, դատապարտված է ձախողման, հայտնում է Reuters-ը։
Բրիտանական կառավարության ղեկավարը նման բանակցությունները Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով համեմատել է կոկորդիլոսի հետ բանակցությունների հետ, որն արդեն բռնել է նրա ոտքը։
«Ինչպե՞ս կարող ես բանակցել կոկորդիլոսի հետ, երբ ոտքդ նրա բերանում է: Սա է ուկրաինացիների առջև ծառացած դժվարությունը: Մենք պարզապես պետք է շարունակենք ռազմավարությունը, շարունակենք նրանց զենք մատակարարել»,- ասել է Ջոնսոնը։
Նա նաև Հնդկաստան կատարած այցից առաջ լրագրողներին ասել է, որ համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, այս շաբաթ բանակցությունների ընթացքում համաձայնել են շարունակել Ուկրաինային զենք մատակարարել, ներառյալ հրետանին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ուժեղացնում է իր հարձակումները Դոնբասում: