Պատրաստ եմ սկսել սահմանային հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստության աշխատանքային խմբերի ձեւավորումը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է,՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ կարելի է համարել այն, որ Երեւանն ընդունել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ կետանոց պայմանները։
«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքները դրական են։ Ես հայտարարել եմ դա հանրությանն ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը նույնպես բաց կերպով խոսել է հարաբերությունների նորմալացման եւ Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջադրած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Կարծում եմ, որ դա դրական մեկնաբանություն է»,- ասել է Ալիեւը՝ ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ և հավելել՝ այժմ, պաշտոնական հայտարարություններից հետո, Բաքուն եւ Երեւանը պետք է ապացուցեն իրենց մտադրությունների լրջությունը սեղանի շուրջ։ Ադրբեջանի նախագահը վերստին հայտարարել է, որ պատրաստ է սկսել սահմանային հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստության աշխատանքային խմբերի ձեւավորումը։ Ալիեւը կարծում է, որ կարեւոր է, որպեսզի դրական առաջընթացը շարունակվի եւ երկու կողմերն էլ պահպանեն համաձայնագիրը։