ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր
Հունվարի 6-ին ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը, ինչի մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը:
Պարզվել է, որ Ա. Կարապետյանը մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանը: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել է, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Խլղաթյանը Տարոնիկի գյուղապետն է, իսկ «Մուսալեռ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: