Բերդավանում ավարտին է հասցվել էներգախնայող համակարգի ներդրման ծրագրի հերթական փուլը
Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու մոտեցումը սկզբունքային է Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Տարիների գործընկերները, սահմանապահ Բերդավանում ավարտին են հասցրել ծրագրի հերթական փուլը:
Մինչև 2019 թվականը, գործընկերները տեղադրել են 325 LED-լուսարձակ՝ էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորելով 10,5 կմ ճանապարհահատված: 2020-21 թվականներին որոշակի ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը: էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 115-ով, ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի՝ 4,5 կմ երկարությամբ հատված: Միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2021 թվականներին տեղադրվել է 440 LED-լուսարձակ՝ լուսավորելով 15կմ երկարությամբ ճանապարհ: Արդյունքում՝ լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Այսպիսին է Բերդավանում՝ Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերության ամփոփ պատկերը:
Համակարգի հերթական հատվածի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և համայնքի բնակիչներ:
«Դարձյալ Բերդավանում ենք՝ իրականացված հերթական աշխատանքը գնահատելու համար: Մեզ համար այդ գործընթացն ավարտվում է լուսավորված նոր փողոցներ տեսնելով և շրջայցով, իսկ գյուղի համար այդ արդյունքը երկարաժամկետ է: Մենք տեսնում ենք ծրագրի էմոցիոնալ կողմը՝ մարդկանց գոհունակությունը, իսկ բնակիչները՝ ռացիոնալ կողմը. Էներգախնայողությունը, անվտանգ քայլելու հնարավորությունը և այլն: Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերի համար սա կարևոր ծրագիր է: Ու նաև դա է պատճառը, որ մենք հետևողական, ամենամյա ջանքերով փորձում ենք նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: