Շեշտերը ճիշտ դրեք․․. չեմ պատասխանում, no comment․ Արցախի մասին հարցը կաշկանդեց ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգում Արցախի ճակատագիրը ասաց, թե իբր հարցը ճիշտ չէր շեշտադրված։ Ապա մեկ անգամ ևս, հատուկ շեշտադրությամբ, լրագրողից լսելով հարցը՝ պատասխանեց․ «Ուրեմն Ձեզ՝ (բութ), որպես լրագրող ես չեմ ցանկանում պատասխանել Ձեր՝ (բութ) տրված հարցին: Ուրիշ հարց: Չեմ պատասխանում, no comment»:
Դումանյանը խուսափեց պատասխանելուց Արցախի հետ կապված այլ հարցրերի ևս։ Նրա լարվածությունը զգացվում էր իր չկապակցված խոսքի մեջ։ Նա որքան էլ փորձում էր ցույց չտալ, որ լարված է, սակայն անավարտ նախադասություններից ու անհասկանալի շարադասությունից զգացվում էր, որ նախարարը կաշկանդված է և, մեղմ ասած, անկեղծ չէ։
«Ամեն հարցականով ավատվող միտք չի, որ հարց է: Նման հարցերը լսեք, թե ինչպես է մեկնաբանել վարչապետը և փորձեք հասկանալ վարչապետի մեկնաբանությունը: Եկեք այստեղ այդ հարցով շատ չծավալվենք: Ես ցանկություն չունեմ նշաձողի շարժման, ի՞նչ է նշանակում, ի՞նչ է կազմում... և ընդհանրապես Արցախի հետ կապված այդ նրբագույն հարցը՝ մեր ազգի, մեր ժողովրդի և բոլորիս համար, այդ թվում ձեզ համար կարևորագույն այդ հարցն էսպիսի... էսպես... ոտքի վրայի խոսակցության մակարդակ տեղափոխել: Դրանից ո՛չ Արցախն է շահում, ո՛չ մեր ժողովուրդը, ո՛չ էլ խնդրի ինչ-որ մի նոր, հետաքրքիր լուծում եք դուք առաջարկում»,- ասաց Դումանյանը և կրկին լրագրողներին հորդորեց անցնել ԿԳՄՍՆ տիրույթում գտնվող հարցերի քննարկմանը: