Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընտրական համաժողովը կանցկացվի Տիրանայում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը հայտնում է՝ ընտրական համաժողովը կանցկացվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ այս տարվա հունիսի 25-26-ը։ Տիրանան չեզոք միջավայր կապահովի առաջիկա ընտրությունների համար, քանի որ երկրի ծանրամարտի ազգային ֆեդերացիան ընտրություններին թեկնածուներ չի առաջադրել։
Կոնգրեսն անցկացնելու իրավունքին հավակնել է տասը երկիր։ Քվեարկությանը մասնակցել են IWF-ի գործկոմի անդամները:
Ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մայքլ Իրանին ասել է՝ իրենց համար կարևոր իրադարձություն է կոնգրեսի անցկացումը: Անցյալ տարի միջազգային օլիմպիական կոմիտեի գործընկերները խնդրել են լուծել երեք խնդիր. նախ՝ բարեփոխել սահմանադրությունը, որն արդեն ավարտված է, երկրորդ՝ մարզաձևը մաքրել դոպինգից, երրորդ՝ ընտրություններ:
«Պետք է նշել, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում հակադոպինգային կանոնների խախտման դեպքեր չեն եղել»,- եզրափակել է Իրանին։