Զինվորներն ընկել են, որ թույլ չտան մեզ պահել մատաղացու գառների կարգավիճակում. Փաշինյան
44-օրյա պատերազմը Շուշիի համար է եղել: Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, թե Հայաստանի և Արցախի համար պետականությունը պահպանելու ճանապարհ է բացում։
«Երբեմն էկզոտիկ կարծիքներ են հնչում, թե իրադարձությունների ոչ նախընտրելի զարգացման դեպքում Արցախի ժողովրդին դուրս կբերեն այնտեղից, մենք էլ հայտարարում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է մնա Ղարաբաղում, ունենա կարգավիճակ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հայ զինվորներն ընկել են, որ թույլ չտան դարերով մեզ պահել մատաղացու գառների կարգավիճակում։
«Մենք ճանապարհ ենք բացում, որ, հազար ներողություն, մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք։ Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դիմելով բաց դռների շրջանակում ԱԺ այցելած դպրոցականներին՝ գործադիրի ղեկավարն ասաց. «Ես վստահ չեմ, թե այս դպրոցականներին ինչ են սովորեցնում դպրոցներում, բայց ես իրենց ասում եմ, որ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակում»։