Համարձակության համար շնորհակալություն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին. Խաչատուր Սուքիասյան
«Այն հարևանները, որոնց հետ չենք ունեցել առևտրաշրջանառություն, ոչ մի հարաբերություն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի, դրանք իրականություն դառնան»։ Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի խաղաղության օրակարգն իր տրամաբանական ավարտին հասցնեն:
«Ուզում եմ համարձակության համար շնորհակալություն հայտնել պետական, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ ասաց այն ճշմարտությունը, որը մենք ունեցել ենք»,-հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը։
Նա հարց ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին:
«Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանը ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը», - ասաց Սուքիասյանը։