44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է․ Փաշինյան
«Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ»: Այս պաթետիկ ոճով սկսեց իր ելույթը Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ եկել է այս հարցի պատասխանը տա:
«Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ տարածքները հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ:
Փաշինյանը նշեց նաև, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է:
«Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել է ու նույնականացվել ու հուղարկավորվել է 2021 թվականին»,-ասաց նա::