Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու. Ալիև
«Հայաստանի զարգացումը կախված կլինի իրենից, հարևան երկրների նկատմամբ վերաբերմունքից։ Որովհետև հիմա բոլորին պարզ է, որ Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու»,- ապրիլի 12-ին այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի 30-ամյա օկուպացիոն քաղաքականությունը շատ թանկ է արժեցել։ Նրանք կորցրել են իսկապես անկախ երկիր դառնալու հնարավորությունը։ Իսկ Ադրբեջանը 30 տարի, չնայած իր տարածքների օկուպացմանը, հասել է լիակատար քաղաքական և տնտեսական անկախության։ Ուստի Հայաստանի համար սա կարող է լինել վերջին հնարավորությունը։ Կա՛մ երկիրը կզարգանա, կա՛մ էլ ավելի ծանր վիճակում կհայտնվի։ Իսկ զարգացում հնարավոր է ապահովել առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա,- ասել է Ալիևը։