Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է տարածքային պահանջներից. Ալիև
«Ներկայումս Եվրամիությունը զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Իսկ ապրիլի 6-ին կայացած վերջին հանդիպմանը քննարկվել են այս հարցերը։ Ինչպես գիտեք, երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանը հինգ սկզբունքներից բաղկացած առաջարկ է ներկայացրել. Հայկական կողմը դրական արձագանքեց այս առաջարկին և համապատասխան հայտարարություններ արեց Բրյուսելի հանդիպումից առաջ»։
Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպմանը, հայտնում է AzerTAc-ը։
«Բրյուսելյան հանդիպմանը ես ևս մեկ անգամ ցանկացա ինքս ինձ պարզաբանել և համոզվեցի, որ Հայաստանն ընդունում է այս հինգ սկզբունքները։ Այսպիսով, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է տարածքային պահանջներից։
Սա շատ դրական պահ է, և ես կարծում եմ, որ դա հիմնարար պայման է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Որոշվեց, որ աշխատանքային խմբեր կստեղծվեն, որոնք կզբաղվեն ինչպես սահմանի, այնպես էլ խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ։ Ինչպես գիտեք, նորագույն պատմության մեջ, թերևս, առաջին հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մենք նույնպես գնահատում ենք սա»,- ասել է Ալիևը։