Մենք պարզապես բարի մտադրություններ դրսևորեցինք, եթե չուզենայինք, չէինք վերականգնի գազամատակարարումը. Ալիև
«Ղարաբաղի տարածքում, որտեղ այժմ հայեր են ապրում, գազատարը խափանվեց, և որոշ ժամանակ գազ չկար։ Ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Ադրբեջանն այնտեղ հումանիտար աղետ է կազմակերպել։ Բայց արդեն 15 տարի Նախիջևանը գազից զրկում են»։
Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպմանը։
«Այդ ժամանակ գոնե մեկ մարդ, կազմակերպություն կամ պետություն բարձրաձայնե՞ց։ Ոչ, նրանք անտարբեր էին։ Բայց երբ մեկ շաբաթ Ստեփանակերտում գազ չկար, մարդ չմնաց, որ մեզ չզանգեր՝ Ամերիկայից մինչև Եվրոպա։
Մենք վերականգնել ենք գազամատակարարումը, և հայերը պետք է գնահատեն դա։ Մենք պարզապես բարի մտադրություններ դրսևորեցինք։ Եթե չուզենայինք, չէինք վերականգնի գազամատակարարումը»,- ասել է Ալիևը։