Բորիս Ջոնսոնն ու նրա կինը լոքդաունի ժամանակ երեկույթների մասնակցելու համար կտուգանվեն
BBC-ն հայտնում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նրա կինը՝ Քերրին, եւ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը կտուգանվեն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված լոքդաունի ժամանակ երեկույթների մասնակցելու համար։
Ջոնսոնի գրասենյակը հաստատել է՝ երկու պաշտոնյաներին իսկապես տուգանքներ են նշանակվել: Սակայն վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Ջոնսոնին եւ Սունակին դեռեւս չեն ասել, թե հատկապես որ միջոցառման համար են նրանք պատժվում։
Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է 12 միջոցառումներ, որոնք կարանտինի ժամանակ իրականացվել են Դաունինգ սթրիթում եւ կառավարական այլ շենքերում։ Հետաքննության արդյունքում արդեն 50-ից ավելի տուգանք է նշանակվել։
Ոստիկանությունը մտադիր չէ հայտնել տուգանվածների անունները, սակայն ավելի վաղ բրիտանական կառավարությունը խոստացել էր տեղեկացնել, եթե խախտողների թվում վարչապետը կամ ֆինանսների նախարարը լինեն։