ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամի «շատ արյունալի» փուլ էր կանխատեսել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան ռումինական Digi 24 հեռուստաալիքի եթերում ասել է, որ շուտով կսկսվի ուկրաինական ճգնաժամի նոր ու «շատ արյունոտ» փուլը: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը։
«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մենք շուտով թևակոխելու ենք այս պատերազմի երկրորդ փուլը, որը շատ արյունալի է։ Մենք թևակոխում ենք երկրորդ փուլ՝ ավելի բարդ, բնավորությամբ տարբեր առաջին փուլից, շատ ավելի լայն տարածքի վրա՝ թե՛ արևելքում՝ Դոնբասում, և թե՛ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ։ Մեր գնահատականներով՝ թևակոխում ենք երկրորդ փուլ, ավելի բարդ»,- ասել է նա։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գրել էր, որ ուկրաինական ճգնաժամի ելքը կորոշվի մարտի դաշտերում։