Արցախի դրոշը, ոչ թե պայքարի նպատակ է, այլ սիմվոլ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Արցախի դրոշը դարձավ Հայաստանի արժանապատվութունը վերադարձնելու շարժման սիմվոլը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ Արցախի դրոշը, ոչ թե պայքարի նպատակ է, այլ սիմվոլ։
«Այն խունտան, որը դեմ քվեարկեց, որպեսզի ՀՀ ԱԺ-ում լինի Արցախի հարցերով հանձնաժողով, պետք է, որ նեղվեր Արցախի դրոշի համար։ Թող իրենք մտածեն, թե ինչպիսի Հայաստան են կառուցել, որ այնտեղ Արցախի դրոշի տեղադրումը կարող է գնահատվել ձեռքբերում: Արցախը վտանգվում է ՔՊ-ականների գոյությամբ, իշխանության մոտ իրենց լինելով, երբ իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր, գերիներ և տարածքային կորուստներ են լինում, քան մինչ այդ՝ 30 տարիների ընթացքում»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով ԱԺ ամբիոնից ՔՊ պատգամավորների այն արտահայտությանը, թե Արցախ այցելելով ընդդիմությունը վտանգում է արցախցիներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց. «Ցավալի է, որ Հայաստանի՝ իբր իշխող խմբակցության պատգամավորները նույնպես միացել են բոյկոտին: Իրենց իրական բոյկոտն է՝ չայցելել Արցախ՝ բոյկոտելով Արցախի Հանրապետությունը և միայնակ թողնել Արցախը: Մենք միայնակ Արցախը չենք թողնում, այն մեր հայրենիքն է, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախը երբեք չհայտնվի Ադրբեջանի կազմում»։