Ուկրաինային Նոր Զելանդիան կհատկացնի 8,8 միլիոն դոլարի օգնություն
Նոր Զելանդիան Ուկրաինային 8,8 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի, հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը՝ տեղական 1 News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նոր Զելանդիան Եվրոպա կուղարկի C-130 Hercules տրանսպորտային իքնաթիռն ու 50 զինվորականների, որոնք կմասնակցեն Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության տեղափոխման ու բաշխման գործընթացին, ինչպես նաև 8,8 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ որպես օգնություն։ Առաջիկա 2 ամիսների ընթացքում մեր C-130 Hercules ինքնաթիռը, գործընկեր մյուս երկրների ռազմական իքնաթիռների հետ, թռիչքներ կիրականացնի Եվրոպայով՝ անհրաժեշտ սարքավորումներ և այլ բեռներ հասցնելով հիմնական բաշխիչ կենտրոններ»,- ասել է Արդերնը։
Նոր Զելանդիայի վարչապետը հստակեցրել է՝ Ուկրաինային որպես օգնություն տրամադրվող 8,8 միլիոն դոլարից մոտ 5,1 միլիոնը նախատեսված է զենք ու զինամթերք գնելու համար, իսկ Նոր Զելանդիայի կողմից Ուկրաինային հատկացված ընդհանուր օգնությունը, այս պահի դրությամբ, 20,5 միլիոն դոլար է կազմում։